ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Նավաբեկյալ եպիսկոպոսի չարչարանքները-1

Նավաբեկյալ եպիսկոպոսի չարչարանքները-1
09.06.2017 | 07:42

Այս պատմությունն այնքան հետաքրքիր է, երի՛ցս հետաքրքրական, որ չանդրադառնալը հավասարազոր կլիներ հանցանքի:
Խոսքը գրաբար մի ձեռագրի, պատմական արժեք ներկայացնող մի փաստաթղթի մասին է, որը մի քանի դար գտնվում էր Սբ Ղազար կղզու Մխիթարյանների մատենադարանում: Մենք խորամուխ եղանք այդ վավերագրի յուրաքանչյուր նախադասության, բառի մեջ և որոշեցինք անհրաժեշտ բացատրություններով այն ներկայացնել ընթերցողի ուշադրությանը:


Հեղինակը ծնունդով տրապիզոնցի, Սբ Էջմիածնի միաբան Հովհաննես եպիսկոպոս Տեր-Մանուկյանն է, որը գրվածքն ավարտել է հետևյալ կերպ. «Գրեցաւ ձեռամբ իմով ի յերկիրս Հնդկաց ի Բանկալայ գաւառին ի Սեյտապատ կոչեցեալ քաղաքն ի թուականիս մերոյ ՌՄԺԲ (1763) և ի յունվար ամսեանն 15` յորն սուրբ Սարգսի պասի չորեքշաբթին»: Վավերթուղթն ունի ընդգծված տեղեկատվական բնույթ և ուղղված է Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցուն, իսկ հայտնվել է ոչ թե Սբ Էջմիածնում, այլ Մխիթարյանների մոտ, ըստ իս, այն պատճառով, որ 1763 թ. մարտի 21-ին կաթողիկոսը` քառամյա աթոռակալությունից հետո, վախճանվեց:


Մեր եպիսկոպոսի` Սեյիդաբադում գտնվելու և գրությունն այնտեղ ավարտելու փաստը նույնպես բացատրություն ունի: Բանն այն է, որ 1665 թ. Մեծ մողոլների կայսրության փադիշահ Ավրանգզեբը արքայական հրովարտակով հայ վաճառականներին հրավիրել էր բնակվելու Բենգալիայի Մուրշիդաբադ մայրաքաղաքի Սեյիդաբադ արվարձանում` Նոր Ջուղային նմանողությամբ զուտ առևտրային կենտրոն հիմնելու համար: Հայերը եկան, սկսեցին հում մետաքսի ու լեղակի առևտրով զբաղվել և այնպիսի հաջողությունների հասան, որ նույնիսկ ունեին Armenian Bazar անվամբ փողոց: Երբ 1757 թ. հնդիկ իշխան, նավաբ Սիրաջ-ուդ-դոուլը գրավեց Կալկաթան, իսկ անգլիացիները փախուստի դիմեցին, իշխանը գերեվարեց անգլիական վարչակազմի ծառայողների կանանց, այդ թվում և վարչակազմի ղեկավար Հոլուելի կնոջը՝ Բեբի Ջոնսոնին։ Սակայն կարճ ժամանակ անց բոլոր կանանց ազատ արձակեց՝ առանց որևէ վիրավորանք հասցնելու։ Դրա պատճառը նորջուղայեցի վաճառական, խոջա Պետրոս Հարությունյանի` նշանավոր զորահրամանատար Գորգին խանի եղբոր միջամտությունն էր, որն ազդեցիկ դիրք էր գրավում բենգալական արքունիքում։ Ո՜վ գիտե, միգուցե խոջա Պետրոսն ի վարձատրություն իրավունք ստացավ և 1758 թ. կառուցեց Սեյիդաբադի Սբ Աստվածածին եկեղեցին: Սրանով է բացատրվում մեր եպիսկոպոսի` Սեյիդաբադում գտնվելու իրողությունը:


Իսկ ինչո՞ւ էր Հովհաննես սրբազանը մեկնել Հնդկաստան: Հարկ եմ համարում անհապաղ նշել, որ եպիսկոպոսի թղթում պատասխաններ չլինելու պատճառով ստիպված եմ տրամաբանական ենթադրություններ անել, իսկ սրբազանը բավարարվել է ընդամենը նշելով. «Որ և բազմաւ խոնարհութեամբ այժմ զնորալուր բանս` սկիզբն արարեալ համառօտաբար պատմեսցուք զամենայն անցսն մեր, թէ որպիսի՛ բազմադիմի վիշտք և նեղութիւնք և կամ որպիսի մահառիթ վտանգք և սարսռելի պատուհասք և փորձութիւնք, որք եկեալ պաշարեցին զմեզ յամենայն կողմանց և կուտեցան ի գլուխս մեր յաղագս ծովացեալ յանցանացս մերոց և կամ վերջապէս որպէս ազատեալ եղաք նորահրաշ սքանչելեօք և ամենախնամ գթութեամբն Աստուծոյ բարերարին»:


Հայտնի է, որ Հակոբ Ե կաթողիկոսը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ էր։ Պարսկական խաների ու կովկասյան լեռնականների ասպատակություններին վերջ տալու և Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու նպատակով կապեր է պահպանել ժամանակի նշանավոր գործիչների՝ Հովսեփ Էմինի, Վրաստանի Թեյմուրազ II, Իրակլի II թագավորների և ուրիշների հետ, իսկ 1760-ին կոնդակ է հղել Ելիզավետա Պետրովնա ռուսաց կայսրուհուն՝ խնդրելով ընդառաջել Պետերբուրգ մեկնած Թեյմուրազ II-ին՝ հայ և վրացի ժողովուրդներին պարսկական լծից ազատագրելու խնդրում։ Շատ հնարավոր է, որ Հովհաննես եպիսկոպոսի ուղևորությունն ինչ-ինչ քաղաքական ենթատեքստ է պարունակել: Բացի այդ, հնդկահայոց գաղթավայրերը սուր կարիք էին զգում նվիրապետական այցելությունների, որոնք, որպես կանոն, ուղեկցվում էին նաև դրամական հանգանակություններով: Սրբազանին ուղեկցում էր տեր Հովսեփ քահանան, իսկ ուղեբեռը մի մեծ սնդուկ էր, որի մեջ, բացի անձնական իրերից, կային մեռոն և ավելի քան 100 կտոր գիրք:
Հովհաննես եպիսկոպոսը գրում է. «Ի թուականիս հայոց ՌՄԺԱ (1762) և յունվ. Ամսեան 20 ամենայն պատրաստութեամբ ի Պասրա մտաք ի նաւն Սալէհ չալապի կոչեցեալ թուրքին և յաջողմամբն Աստուծոյ գնացեալ 40 օրն հասաք ի Պանտար Սուրաթ առաջին քաղաքն հնդկաց ի նոյն թուին և մարտի 12 և անդ արարաք զմեծահանդէս տօնն սրբոյ զատկին, նաև աւարտեալ կատարեցաք անդ ամենայն գործ նուիրակութեան մերում»:


Նա հաճախ է գործածում «թուրք», «մահմեդական» բառերը, սակայն իրականում դրանք վերաբերում են մողոլներին: Վերջիններս հյուսիսային Հնդկաստանի և Կենտրոնական Ասիայի մահմեդականներն էին, սերում էին Լենկ Թեմուրի տոհմից, համարվում էին մոնղոլ նվաճողների շառավիղներ, իսկ 1526-1858 թթ. ունեին մի ամբողջ կայսրություն: Սալեհ չելեբին էլ էր մողոլ, իսկ սուրաթցի չելեբիների այդ վաճառականական նշանավոր գերդաստանը տիրում էր բազմաթիվ նավերից բաղկացած տորմիղի:


Ինչո՞ւ էր Հովհաննես եպիսկոպոսը առաջին կանգառ ընտրել Սուրաթը: Այս քաղաքը գտնվում է Հնդկաստանի արևմուտքում, Թափտի գետի ձախ ափին, գետաբերանից 22 կմ հեռավորության վրա, իսկ գետը թափվում է Արաբական ծովի Կամբերի ծովածոց: 1512 թվականից քաղաքը գտնվել է պորտուգալացիների տիրապետության ներքո, սակայն 1615 թ. անգլիացի նավապետ Բեսթը, հաղթելով պորտուգալացիներին, Սուրաթը վերածեց խոշոր առևտրային կայանի և հռչակեց բրիտանական «Արևելահնդկական ընկերության» մայրաքաղաք: Հենց այդ ժամանակվանից էլ Սուրաթում հիմնվեց հայկական համայնք, որը բաղկացած էր գլխավորապես նորջուղայեցի վաճառականներից: XX դ. կեսերին այստեղի հայոց գերեզմանատանը դեռևս պահպանվել էին գրաբարյան արձանագրություններով ավելի քան 120 տապանաքարեր, որոնցից հնագույնները վերաբերում էին 1616 թվականին:
Ահա թե ինչու Հովհաննես եպիսկոպոսը կանգ առավ Սուրաթում և հանդիսավորությամբ կատարեց Սուրբ Զատկի տոնը:
Հետևենք սրբազանի ընթացքին:


Ապրիլի 24-ին նստում է «ի նաւն ուրումն կրակապաշտի, պիղծ անուն նորին Մղրճի կոչիւր», այսինքն` ոմն հնդիկի նավ, որ գնա Կալկաթա` հնդկահայոց «մայրաքաղաք»: Ըստ երևույթին, առագաստանավը եղել է բավականին խոշոր, որովհետև ունեցել է ավելի քան 200 ուղևոր:
Եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ Հինդուստան թերակղզին եռանկյունաձև սեպի նման խրված է օվկիանոսի մեջ, և արևելք` Կալկաթա գնալու համար անհրաժեշտ էր շրջանցել սեպի ծայրը: Սակայն եթե Բասրայից Սուրաթ հասնելու համար պահանջվել էր 40 օր, ապա Կալկաթա տանող ծովային ուղին տևեց 60 օր:
Եվ… տեղի ունեցավ դժբախտությունը: Նախ, «ի սաստիկ ալեկոծութեանց և ի մրրկաց, նաև ի հեղմանէ անձրևաց և ի յուժգին բախմանէ ամպոց և կայծականց մոլորեալ տգէտ և յիմար ղեկավարքն որք էին մահմետականք, թիւրեալ հեստեցան և ոչ կարային գտանել զուղիղ ճանապարհն Կալկաթայ քաղաքին, այլ թիւրեցեալ զնաւն` անցեալ գնացին 300 մղոնի չափ աւելի և ոչ բնաւ երբէք գիտէին ո՛ւր տեղ լինիլն»: Այսինքն, աներևակայելի ալեկոծության, մրրկի, ուժգին անձրևի, ամպրոպների ու կայծակների հարվածներից նավի անձնակազմը կորցնում է կառավարումը ու «մոլորեալ տգէտ և յիմար ղեկավարքն որք էին մահմետականք» Կալկաթայից ավելի են անցնում 300 մղոն: Իսկ դա նշանակում էր, որ նավը հասել էր այն ժամանակ գոյություն չունեցող, ներկայիս Բանգլադեշ, ավելի ստույգ` Բենգալյան ծովածոց թափվող Գանգեսի գետաբերան: «Իսկ ի հնչմանէ յուժգին հողմոց և ի սաստկութենէ մրրկածուփ ալէկոծութեանց, յանկարծակի նաւն զարկաւ ի գետին ի ներքուստ, և իսկոյն ղեկն խորտակեցաւ, և նաւն ընկողմանեալ նստաւ ի վերայ աւազոց և համայն շինուածք նաւին խախտեալ թուլացան և տախտակք ոմանք անկան ի տեղւոջէ իւրեանց և ջուր ծովուն լցեալ եղև ի մէջ նաւին, և հաւասար եղև նաւն ընդ ծովուն»: Իմա՝ նավը զարնվում է խութերի, ծանծաղուտի և սկսում է աստիճանաբար սուզվել: Ընդ որում, ընկղմվող նավից երևում է ցամաքը, որը, ինչպես բնութագրում է Հովհաննես եպիսկոպոսը. «նաւն այնչափ հեռի կայր ի ցամաքէն, որքան է ի սրբոյ Աթոռոյն մինչև ի յԵրևան քաղաքն»: Այսինքն, փրկվելու համար հարկ էր Վաղարշապատից մինչև Երևան ջրային տարածք հատել, ինչն առանց լողամիջոցների անհնար էր անգամ ոչ միայն անամպ երկնքի, արևոտ եղանակի, խաղաղ ծովի պայմաններում, այլև առավել ևս` սաստիկ ալեկոծության ու փոթորկի ժամանակ:
Սակայն Հովհաննես եպիսկոպոսին մի պահ թողնենք կյանքի ու մահվան ճամփաբաժանում և խոսենք Դաքայի մասին, որովհետև մեր ենթադրությունը, թե նավաբեկությունը տեղի է ունեցել ներկայիս Բանգլադեշի մայրաքաղաքից ոչ հեռու, ինչպես հետո կհամոզվենք, ճիշտ է:
Դաքան գտնվում է այսօր աշխարհի ամենաաղտոտված, կենսաբանորեն մեռած Բուրիգանգի գետի ձախ ափին: Ինչպես այդ, այնպես էլ հարյուրավոր մեծ ու փոքր գետեր թափվում են ծովածոց: Կլիման արևադարձային է, իսկ մայիս-սեպտեմբեր ամիսներին մուսոնային հորդառատ անձրևների շրջանն է:


Դաքայում հայերը` մի խումբ նորջուղայեցի վաճառականներ, հաստատվել են XVIII դ. առաջին քառորդում, իսկ հնագույն տապանաքարը 1741 թվակիր է: 1781 թ. վերոնշյալ Խոջա Պետրոս Հարությունյանը, Միքայել Սարգիսը, Աստվածատուր Գևորգը և Մարգար Պողոսը Armenian street (Armenitola) փողոցի վրա կառուցեցին հնդկահայոց գեղեցկագույն, նավի նմանվող եկեղեցիներից մեկը` Սբ Հարությունը:
Քանի որ մեր խնդիրը չէ Դաքայի հայ համայնքին մանրամասնորեն անդրադառնալը, բավարարվենք այսքանով ու դառնանք մեր դժբախտ եպիսկոպոսին:
Ինչպես վերևում նշել ենք, «պիղծ անուն Մղրճի» հնդիկի նավում կար ավելի քան 200 ուղևոր, որից 13-ը` երկսեռ հայ, մնացյալը` մահմեդականներ, հնդիկներ ու պորտուգալացիներ: Երբ նավն սկսում է ամեն ալեբախման հետ մասնատվել, ու պարենը, խմելու ջուրը, բեռները, այդ թվում և սրբազանի սնդուկը, կուլ են գնում մրրկածուփ ծովին, սկսվում են խուճապ, ճիչ, աղաղակ, և իրարանցման պատճառով երկու հայ կին ու մի քանի այլ ուղևորներ Հովհաննես եպիսկոպոսի աչքի առաջ խեղդվում են:


40 մահմեդականներ նավի գերանները պարաններով կապելով լաստանավ են սարքում և լողում դեպի ափ: Ամեն օր մարդկանց փոքր խմբեր` երեքական, չորսական, հնգական, վեցական: Ճարահատյալ լողում են դեպի ցամաք` «Էջմիածնից` Երևան» ու թե քանիսն են ափ հասնում և կամ առհասարակ ափ հասնում են, թե ոչ, Աստված գիտի: Իսկ «ողորմելի անճարքս»` 5 հայ, 6 մահմեդական և 4 պորտուգալացի, 17 օր քաղցած-ծարավ մնում են կիսաընկղմված նավի վրա: 17 օր անց` «յաւուր վարդավառի բարեկենդանի կիրակին», է՛լ ավելի ահարկու ալեկոծություն է սկսվում, փոթորիկ, կայծակ, ամպրոպ, անձրև, և նավը վերջնականապես քայքայվում ու մասնատվում է: «Ողորմելի անճարքը» կանգնած են լինում մի տախտակե հարթակի վրա. «Յայնժամ աղաղակեալ յիշեցաք զմայրն ողորմութեան ամէնօրհնեալ սուրբ Աստուածածին, նաև ջերմ հաւատով յուսացուք առ տէրն մեր Յիսուս Քրիստոս և ապաւինեցաք առ ամենագութ ողորմութիւնն իւր, և ի նոյն ժամաւ իսկոյն այն մեծ դապուսու կտուրն, որոյ վերայ մինչ մեք կանգնեալ էաք, խնամօք տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ամբողջապէս որոշեալ ի տեղւոջէ իւրմէ, և առեալ տարաւ զմեզ և եհան ի ցամաք ի մէջ գիշերին, և մինչ ազատեցաք ի ծովէն և ելաք ի ցամաք, յայնժամ անկեալ ի վերայ երեսաց մերոց` երկրպագութիւնս և փառս մատուցաք ամենասուրբ երրորդութեան Հօր և Որդւոյ սրբոյ բազմագոհութեամբ հանդերձ»:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Հովհ. Այվազովսկի, Խորտակվող նավը, 1854 թ.
  • Սուրաթի համայնապատկերը, 1667 թ.
  • Փադիշահ Ավրանգզեբ
Դիտվել է՝ 11571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ